Վճարելուց հետո քաղաքացիների հաշիվների արգելանքը 1-2 օրվա մեջ կվերացվի. ԴԱՀԿ

 Քաղաքացիների կողմից բանկերում կատարված վճարումների հիման վրա հնարավորինս սեղմ ժամկետում կապահովվի կատարողական վարույթների ինքնաշխատ կարճումն ու արգելանքների վերացումը։ Տեղեկությունը հայտնում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նախկին 7 և ավելի օրերի փոխարեն հիմա 1-2 օր կպահանջվի։ 


Արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր քաղաքացիների կողմից առևտրային բանկերում կատարված վճարումների արդյունքում կատարողական վարույթներով Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն կողմից կիրառված արգելանքներն առավելագույն սեղմ ժամկետներում վերացնելու ծրագրի շրջանակում։ 
 

Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային նոր գործիքակազմ։ 
«Դրա արդյունքում կապահովվի առևտրային բանկերում և վճարահաշվարկային կազմակերպություններում քաղաքացիների կողմից կատարված վճարումների՝ կոնկրետ կատարողական վարույթների հետ առավելագույն սեղմ ժամկետում նույնականացումը»,– նշված է հաղորդագրության մեջ։ 
Փոխըմբռնման հուշագրի շրջանակում արդարադատության նախարարությունն՝ ի դեմս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ստանձնել է նշված ծրագրային ապահովումը մշակելու և Կենտրոնական բանկին տրամադրելու, իսկ Կենտրոնական բանկը՝ ծրագրային ապահովման այդ համակարգն առևտրային բանկերին և վճարահաշվարկային կազմակերպություններին փոխանցելու պատրաստակամությունը։