Թբիլիսիում վերելակի ընկնելու հետևանքով հայեր են զոհվել․ դեպքը տեղի է ունեցել նրանց 4-ամյա որդու աչքի առաջ

Թբիլիսիի Վազիսուբանի բնակելի թաղամասում տղամարդն ընկել է վերելակի հորանը, կինը իջել է նրան օգնելու, սակայն այդ պահին վերելակն աշխատել է, ինչի հետևանքով երկուսն էլ մահացել են։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

 

Վրացական «Ռեզոնանսդեյլի» պարբերականը գրում է, որ մահացածները 36-ամյա Արման Սարկիսովն ու 32-ամյա Արմինե Ոսկանյանն են։ Ողբերգությունը տեղի է ունեցել նրանց 4-ամյա որդու աչքի առաջ, հունվրաի 14-ին։

 

Միջադեպից ընդամենը 5 օր առաջ Սարկիսովը սոցցանցում կիսվել էր Թբիլիսիում մեկ այլ վերելակի ընկնելու հետևանքով տուժածների մասին լուրով։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հարուցվել է քրեական գործ` շինարարական, կամ այլ աշխատանքների անցկացման կանոնները խախտելու համար, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդու մահվան։

 

Բնակիչները տեղի ունեցածի համար մեղադրում են քաղաքայի իշխանություններին։ Նրանց խոսքով ՝ վերելակի շահագործման ժամկետը վաղուց անցել էր, այն վթարային է եղել։ Մինչդեռ իշխանությունները պնդում են, որ իրենց ոչ ոք չի դիմել վերելակը վերանորոգելու խնդրանքով: