Թուրքիան կպարգևատրի նրան, ով տեղեկություններ կհայտնի Էրդողանին քննադատած նախկին բասկետբոլիստի մասին

Թուրքական իշխանությունները 10 միլիոն թուրքական լիրա (մոտ 500 հազար դոլար) պարգև են առաջարկել Բասկետբոլի ազգային լիգայի (NBA) նախկին խաղացող Էնես Կանտեր Ֆրիդոմի ձերբակալությանը նպաստող տեղեկությունների համար։

Ամերիկացի թուրք բասկետբոլիստը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բուռն քննադատն է։

 

30-ամյա Ֆրիդոմը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպության անդամ և պաշտոնապես հայտնվել հետախուզման մեջ։ Նա ներառված է Թուրքիայի ՆԳՆ «գորշ ցուցակում»՝ «հետախուզվող ահաբեկիչների ցուցակում»։

 

«Սա իրավիճակը շատ վտանգավոր է դարձնում։ Նախկինում թուրքական հետախուզությունը  ցուցակի մարդկանց որս էր անում, սակայն մրցանակի հայտարարումից հետո բոլորը որսալու են նրանց համար»,- մարզիկի խոսքերն է մեջբերում The New York Post-ը:

 

Թուրքական իշխանությունները 2017 թվականին չեղարկել են Ֆրիդոմի անձնագիրը և փորձել արտաքսել նրան Ռումինիայից։ Դրանից հետո բասկետբոլիստը ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։