Պատգամավոր Աննա Մկրտչյանի անվամբ հաշվառված մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ. ՔԿ
Աննա Մկրտչյանի հայտարարության մեջ արված մեկնաբանություններն իրական հիմք չունեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում արված հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազդանշան տալու պատճառով քրեական վարչությունը եկել է իր մեքենայի հետեւից։
«Իրականությունն այն է, որ 2023թ. հունվարի 10-ին՝ ժամը 08։05-ին, Աստղիկ ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շերամի փողոցում տեղի է ունեցել վրաերթ, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել եւ բուժօգնության դիմել մի կին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անձը վրաերթի է ենթարկվել «Կիա» մակնիշի համապատասխան հաշվառման համարանիշով ավտոմեքենայի կողմից, որի վարորդը դիմել է փախուստի։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից հանձնարարություն է տրվել հիշյալ ավտոմեքենան տեղափոխել ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Քննությամբ պարզվել է, որ այդ համարանիշով ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ԱԺ պատգամավորի անվամբ, եւ պարզապես Ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվել են տրված հանձնարարության կատարումն ապահովելուն ուղղված գործողություններ»,– ասել է Գոռ Աբրահամյանը։
Հարցին՝ արդյոք պատգամավորը կասկածվում է վրաերթ կատարելու մեջ, Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարն ասել է.
«Քննությունը դեռ նախնական փուլում է, դեպքի բազմաթիվ հանգամանքներ պետք է ստուգվեն, պարզվեն, այդ թվում՝ վրաերթի պահին ավտոմեքենայի վարորդի ինքնության պարզման առումով։ Դեռեւս խիստ վաղաժամ է խոսել կոնկրետ անձի վերաբերյալ կասկածանքի առկայության մասին»։
Մանրամասները` կայքում: