Լուսավորության համար շենքերին հասցված վնասի պաշտոնական գնահատում չի իրականացվել․ նախարարություն

Երևանի Հանրապետության հրապարակում տոնական լուսավորության համար շենքերին հասցված հնարավոր վնասի պաշտոնական գնահատում չի իրականացվել: Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին:

 

Վարդանյանը հետաքրքրվել է, թե ամանորյա զարդարանքների համար հրապարակի պատմամշակութային հուշարձաններին հասցված վնասն ինչ չափի է և արդյոք վերականգնման ենթակա է:

 

«Որևէ պաշտոնական գնահատում չի իրականացվել: Քաղաքապետարանը պարտավորություն է վերցրել այդ գործընթացը մինիմալ միջամտություններով իրականացնելու համար և պարտավորվել է հետո վերացնել բոլոր այն խնդիրները, որոնք կառաջանան այդ գործողությունների հետևանքով»,- ասել է փոխնախարարը:

 

Փոխնախարարը նախ նշել է, որ զերծ կմնա որակավորում տալուց, թե վնաս է հասցվել, քանի որ դա պետք է անեն մասնագետները: Նախագիծն իրականացրած կազմակերպության հետ քննարկումներին նախարարությունն անպայման ներկա կլինի:

«Եվ կիմանանք, թե ինչպես են փակելու անցքերը, որոնք բացվել են զարդարանքներն ամրացնելու համար»,- ասել է Քոչարյանը:

Քաղաքականություն

Պատահարներ