
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ԱՄՆ-ին և Ճապոնիային հրաժարվել «սառը պատերազմի» գաղափարից

Վաշինգտոնը և Տոկիոն պետք է հրաժարվեն «սառը պատերազմի» մտածելակերպից և չխաթարեն կայունությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և Ճապոնիային հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից և գաղափարական նախապաշարմունքներից, դադարեցնել երևակայական թշնամիներ ստեղծելը, դադարեցնել «սառը պատերազմի» նոր մտածելակերպը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և չխաթարել տարածաշրջանային կայունությունը»,- ասել է դիվանագետը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի, Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշիի և Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկազու Համադայի հետ մամուլի ասուլիսում ասել էր, որ ԱՄՆ-ն և Ճապոնիան Չինաստանը համարում են ամենամեծ ռազմավարական սպառնալիքը։ Նրա խոսքով՝ կողմերը «համաձայն են, որ ՉԺՀ-ն ամենամեծ ռազմավարական սպառնալիքն է, որին բախվում ենք մենք, մեր դաշնակիցներն ու գործընկերները»։
Հայաշին, իր հերթին, հավելել է, որ Չինաստանը ներկայացնում է «աննախադեպ» մարտահրավեր, սակայն Ճապոնիան և Չինաստանը միջազգային հանրության խաղաղության համար կառուցողական և կայուն հարաբերությունների կարիք ունեն։