Թալիբները հերքում են, թե Աֆղանստանում փակվել են գեղեցկության սրահները

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման ղեկավարությունը հերքել է տեղեկությունները, թե որոշել է փակել երկրում կանանց գեղեցկության սրահները։ Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Դոհայում թալիբների քաղաքական գրասենյակի ղեկավար Մոհամմադ Սոհեյլ Շահինը։

 

Նա մասնավորապես նշել է, թե այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ 

 

«Սա ճիշտ չէ, պատկան մարմինները հերքում են այս պնդումը»,- ասել է նա։

 

Երեքշաբթի ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ թալիբների ղեկավարությունը կարգադրել է փակել Աֆղանստանում կանանց գեղեցկության սրահները։  Նրանց խոսքով՝ թալիբների կողմից ստեղծված Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունը տասնօրյա ժամկետ է սահմանել, որից հետո գեղեցկության սրահները պետք է փակվեն։  Բացի այդ, ենթադրվում է, որ արմատականներն արգելել են աղջիկներին աշխատել առևտրի կենտրոններում։

 

2021 թվականին իշխանության գալուց ի վեր թալիբները սահմանափակումներ են մտցրել, որոնք, նրանց կարծիքով, համահունչ են իսլամական արժեքներին։  Մասնավորապես, արմատականները պարտավորեցրել են կին հեռուստահաղորդավարներին հիջաբ կրել, արգելել են դրամատիկական ֆիլմերի և հաղորդումների ցուցադրումը կին դերասանուհիների մասնակցությամբ։