ՌԴ ՊՆ-ն` Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի մասին
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրում:
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ։
«Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում՝ երեք երթուղիներով։
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: