«Կիևը մեզ զենք չի նվիրել, գնել ենք միլիոնավոր դոլարներով»․ Վրաստանը չի պատրաստվում Ուկրաինային «Բուկ» համակարգեր տալ

«Բուկ» զենթահրթիռային համակարգերն Ուկրաինան Վրաստանին 2008 թվականին չի նվիրել, դրանք գնվել են Վրաստանի կողմից՝ 2007 թվականին, հայտարարել է Ուկրիանայի պաշտպանության նախարարությունը։ 

Հիշեցնենք՝ նախօրեին Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը հայտարարել էր, որ Ուկրաինան Վրաստանին խնդրել է վերադարձնել «Բուկ» զենիթահրթիռային համակարգերը, որոնք Կիևը Թբիլիսիին է տվել 2008 թվականի պատերազմի ժամանակ։ 

Դիվանագետն ասել էր նաև, որ  Կիևը Թբիլիսիին խնդրել է իրեն փոխանցել նաև «Javelin» հակատանկային համակարգերը, որոնք ԱՄՆ-ն է տրամադրել Վրաստանին։ 

«Տեղեկությունը, որ Ուկրաինան Վրաստանին անհատույց տրամադրել է «Բուկ» զենթահրթիռային համակարգեր, իրականությանը չի համապատասպանում։ Վրաստանի ռազմական գերատեսչությունը «Բուկ» համակարգերը ձեռք է բերել 2007 թվականին՝ կատարելով բազմամիլիոնանոց դոլարների գնում, որն իրականացվել է գաղտնի համաձայնագրի շրջանակում, այդ պատճառով մենք հնարավորություն չունենք հավելյալ մանրամասներ հայտնել»,- այս առնչությամբ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ 

Վրաստանի ռազմական գերատեսչությունում ասել են, որ 2017 թվականին տասնյակ միլիոնավոր դոլարներ են վճարել նաև «Javelin» հակատանկային համակարգերի համար։ 

«Վրաստանը շարունակում է հումանիտար ու քաղաքական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ իր ունեցած հնարավորությունների շրջանակում։ Սրա վկայություններից է տոննաներով մարդասիրական բեռները, այդ թվում նաև՝ գեներատորները, որոնք գնվել և Ուկրաինային են փոխանցվել Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ։ Ինչ վերաբերում է Ուկրաինային զենք կամ երկակի նշանակության տեխնիկա փոխանցելուն, ապա Վրաստանի ղեկավարությունը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ»,- նշված է հայտարարությունում։