Այս դժվարությունները հաղթահարելու ենք ու գնալու ենք առաջ. Վարդանյան

 Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Արցախի ներդրումային ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների աշխատակազմերին է ներկայացրել հիմնադրամների նորանշանակ տնօրեններին: 

Արցախի ներդրումային հիմնադրամում, ներկայացնելով գլխավոր տնօրեն Սևակ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանը կարևորել է հիմնադրամի հետագա թափանցիկ գործունեության կազմակերպումը՝ ընդգծելով, որ միայն այդպես է հնարավոր հանրության վստահությունը ձեռք բերել ու նպաստել Արցախում ներդրումային միջավայրի ակտիվացմանը: Նա նկատել է, որ շրջափակումը նոր իրողություն է ստեղծել, և հիմնադրամը պետք է գնահատի իր գործունեության առաջնահերթությունները։ «Վստահ եմ, որ այս դժվարությունները հաղթահարելու ենք ու գնալու ենք առաջ, և հիմնադրամը պետք է դառնա այն կարևոր օղակներից մեկը, որը ներդրումային ծրագրեր կբերի Արցախ ու կիրականացնի դրանք։ Պետք է աշխատենք թափանցիկ, բարձր որակով կատարենք մեր աշխատանքը, որպեսզի մարդկանց մոտ և՛ վստահություն լինի, և՛ Արցախում ներդրումներ անելու պատրաստակամություն: 

...Գյուղատնտեսությունը մեզ համար կարևոր ուղղություններից մեկն է թե՛ անվտանգության, թե՛ զարգացման առումներով։ Մենք պետք է այնպես կազմակերպենք այս ոլորտի աշխատանքը, որ և՛ կարողանանք պահպանել մեր գյուղմթերքի յուրահատուկ որակն ու մաքրությունը, և՛ նորագույն տեխնոլոգիաներ ներդնենք»,- նշել է պետնախարարը: