Պարեկները նկատել են, որ 3 քաղաքացի ուշագնաց ընկած են. նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ հունվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում Ռուբինյանց-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում, երբ նկատում են, որ Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց 3 քաղաքացի ուշագնաց ընկած են։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները վիրավորներից մեկին իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխում են «Իզմիրլյան» ԲԿ, իսկ երկուսի համար էլ ահազանգում են 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը այդ երկու վիրավորներին էլ է տեղափոխում «Իզմիրլյան» ԲԿ։
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու 4-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանը դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, սպիտակ շապիկ, որոնք նրանց հանձնարարականով պարեկները վերցրեցին իրենց հսկողության տակ։
«Degusto»-ի դիմաց հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև հետքերը տանում են դեպի Պարույր Սևակի փողոց, որը պարեկները նույնպես այս պահին վերցրել են իրենց հսկողության տակ։
Մինչ դեպքի վայրում տարածքը սահմանազատել և ծառայություն էին կատարում պարեկները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը մահացել է, իսկ մյուս երկուսի համար բժիշկները պայքարում են։
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և վիրավորների ինքնությունը։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Արծրուն Առաքելյանն ու ավագ դատախազներ Արմեն Երիցյանն ու Դավիթ Բաղդասարյանը։
Քիչ առաջ Երևանի գնդի պարեկները օպերատիվ տեղեկություն ստացան, որ նշված միջադեպի հետ կապված՝ ևս 1 հոգի տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց։ Նրա ինքնությունը նույնպես պարզվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։