Ահազանգ․ փողոցներում անկած ձկներ են վաճառվում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Տեւական ժամանակ է, ինչ Երեւանի, Գյումրիի եւ Էջմիածնի փողոցներում մաքրած եւ փորոտիքը հանած ձկներ են վաճառվում՝ բավականին ցածր գնով: Քաղաքացիների պատմելով, «Իշխան» տեսակի մաքրած ձկան մեկ կիլոգրամը տատանվում է 1200-1500 դրամի սահմաններում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կան նաեւ տնտեսվարողներ, որոնք անկած ձկները լցրել են սառնարանները եւ կամաց-կամաց իրացնում են: Որոշ տեղերում վաճառողները քաղաքացիներին համոզում են, որ ձկներն անկել են հոսանքահարվելու պատճառով: Իսկ որոշ տնտեսվարողներ անկած ձկները թաղել են հողի տակ: Օրինակ «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանի համոզմամբ, դրանք անկած ձկներն են, որոնք տնտեսվարողները ինչ-որ ձեւով փորձում են սպառել ներքին շուկայում՝ փորձելով կրած վնասները ծածկել.
«Իմ համոզմամբ, այո, դրանք անկած ձկներն են, որովհետեւ թարմ ձուկը փորը բաց չի լինում: Իսկ ձկան փորը բացում են այն ժամանակ, երբ կամ փչացած է կամ փչանալու միտում ունի: Բացի այդ, որ նայում ես ձկան տեսքին տպավորություն ես ստանում, որ չարչարված ու ծեծված ձուկ է: Բայց քանի դեռ լաբորատոր փորձաքննություն չի արվել, հստակ ոչինչ չենք կարող ասել: Ձուկը նուրբ կենդանի է եւ եթե այն անկում է հիվանդությունից, կամ եթե անկման ծավալներն այդքան մեծ են, ապա դա լուրջ է», – նշեց նա:
Իսկ ահա ըստ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ հայտնի է, թե ինչ հիվանդությունից են անկել ձկները, և այն հիվանդությունը, որը հայտնաբերվել է, մարդկանց համար անվնաս է: Բայց մյուս կողմից, կան տնտեսություններ, որոնց տասնյակ տոննաներով ձկներն անկել են:
Ձկնաբուծությամբ զբաղվող այդ տնտեսությունները խոշոր չափի վնասներ են կրել, բայց այս մասին լռում են էկոնոմիկայի նախարարությունում. այսինքն տնտեսվարողներին փոխհատուցում տալու մասին անգամ չի քննարկվում: