«Քիմիկների զորամասի» գործով հրապարակվել է մեղադրական եզրակացությունը. ինչ է հայտնի
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար Արսեն Աբգարյանի, այդ ժամանակ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Սարգիս Կուլակչյանի եւ զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանի գործով դատական նիստին դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։
Պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողի մայրը NEWS.am-ին պատմեց, որ Անդրանիկ Մակարյանը դատարանին հայտնել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
«Իրենք իրենց մեղավոր չեն ճանաչում։ Ասում է, թե ինչ-որ մեկի հրամանն են կատարել, դե ուրեմն թող ասի, թե ում հրամանն են կատարել։ Երբ գիտեին, որ այդ տարածքն արդեն գրավված է, ու երեխեքին այդտեղ են տարել, ուրեմն իրենց պատիժը պիտի կրեն։ Իրենք ծնողներից փախչում են, որովհետեւ չգիտեն՝ ինչ ասել»,- ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։
Ըստ մեղադրանքի՝ գեներալ Մակարյանը, որը Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։ Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։
Գեներալ Անդրանիկ Մակարյանին առաջադրված է անգործություն ցուցաբերելու մեղադրանք եւ նրան սպառնում է ազատազրկում՝ 7-13 տարի ժամկետով։
Նշենք, որ ծնողները ԴՆԹ գենետիկ փորձաքննության պատասխաններ ունեն Առողջապահության նախարարությունից, որոնք նույնականացվել են Կովսականից դուրս բերված մասունքների հետ, սակայն արդյունքներին շատ ծնողներ չեն հավատում։