ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Զինծառայողների մարմինները դուրս բերել չի հաջողվում ադրբեջանական կողմի խոչընդոտների պատճառով. Թաթոյան

Այսօր այցելել ենք Գեղարքունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզեր` Ադրբեջանի սանձազերծած 2022թ. սեպտեմբերի 13-14-ի, 2020թ. 44-օրյա պատերազմների ընթացքում զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, այդ թվում՝ զոհված կին զինծառայողի ընտանիքին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

 

«Եղել ենք Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Արեգունի, Փոքր Մասրիկ, Արփունք գյուղերում, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Բազմաղբյուր, Սասունիկ, Գիտավան բնակավայրերում, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, քննարկել ենք մարդկանց խնդիրները, որոնք էլ ավելի են խորացել պատերազմի հետևանքով։

 

Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով կան ՀՀ զոհված զինծառայողների մարմիններ, որոնք ՀՀ ինքնիշխան տարածքի այն հատվածներում են, որտեղ նեխուժել են ադրբեջանական զինված ուժերը և գտնվում են նրանց վերահսկողության ներքո: Զինծառայողների մարմինները դուրս բերել չի հաջողվում ադրբեջանական կողմի խոչընդոտների պատճառով։ Այս հանգամանքը, բնականաբար, ավելի մեծ ցավ ու տառապանք է պատճառում ընտանիքներին։ Սա ադրբեջանական իշխանությունները հատուկ են անում և դա կազմում է տարիների հայատյաց քաղաքականության մասը, որ կիրառում են բոլոր ոլորտներում:

 

Տեղում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման կամ դրանց նպաստելու ուղղությամբ հիմնադրամը քայլեր կձեռնարկի, ըստ անհրաժեշտության տրվել են իրավաբանական խորհրդատվություն և ուղղորդումներ։

 

Հ․Գ․ Ընտանիքների համար Fortuna Home & Country House խանութ սրահը համագործակցության շրջանակում տրամադրել էր որոշակի իրեր, որոնք այցերի ընթացքում փոխանցվել են նրանց»,-գրել է նա։