Հունաստանը հայտնել է իր տարածքում թուրքական ռազմական օդանավերի թռիչքների մասին
Հունաստանի գլխավոր շտաբը հայտարարել է Էգեյան ծովի արևելյան հատվածում՝ հունական բնակելի կղզիների օդային տարածքներում, երկու թուրքական ռազմական օդանավերի թռիչքների մասին։ Հաղորդագրության համաձայն՝ թուրքական օդուժի F-16 կործանիչները թռիչքներ են իրականացրել մոտ 9000 մետր բարձրության վրա:
DPA -ն, վկայակոչելով Հունաստանի գլխավոր շտաբի հրապարակած տվյալները, փոխանցում է, որ միայն այս տարվա ընթացքում թուրքական կործանիչ-ռմբակոծիչները հունական օդային տարածքում ավելի քան 200 թռիչք են իրականացրել, բացի այդ, թուրքական ինքնաթիռներն առանց թույլտվության ավելի քան 10 հազար անգամ մուտք են գործել Հունաստանի օդային տարածք՝ անտեսելով արևմտյան դաշնակիցների զգուշացումները։
Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվել են 2020 թվականի ամռանը. հարևան երկրները պատերազմի շեմին էին հայտնվել, մասնավորապես, Էգեյան ծովում ինքնիշխան իրավունքների և տարածաշրջանում գազի հնարավոր պաշարների արդյունահանման շուրջ տարաձայնությունների ֆոնին:
Հավելենք նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հունաստանին մեղադրել է Անկարայի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարելու եւ ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքները խախտելու մեջ.
«Ցավոք, մեր հարեւան Հունաստանը շարունակում է սադրիչ գործողությունները, ագրեսիվ եւ էքսպանսիոնիստական քաղաքականությունը, որը տանում է դեպի ապակայունացում։ Մենք ամեն օր ականատես ենք լինում նոր սադրանքների», - ասել է Աքարը: