Փաշինյանի հայտարարությունը` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին
Վերջին օրերին հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրաստիճան սրվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա փակել Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են` հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում:
Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից: Խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները: 120 հազար մարդ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում:
Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը համարում է հումանիտար ճգնաժամ:
«Ընդ որում, այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով: Ինչպես արդեն ասվել է բազմիցս, Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից, այն պարզ հիմնավորմամբ, որ նշված հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը: Սա ուղիղ մեջբերում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից, և հայտարարությունը մի փաստաթուղթ է, որի տակ դրված է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»,- ընդգծեց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն` Լաչինի միջանցքի փակման խնդրի մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարով, իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել Լաչինի միջանցքի փակման խնդրին։ «Մենք անհանգստացած...
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվելով ԱՄՆ Պետդեպրտամենտի խոսնակ Նեդ Փրայսի գրառմամբ, կոչ է ա...
«Որևէ մեկը չպետք է պարանն իր կողմ ձգի». Զախարովան` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մասին
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է պարտադիր իրականացվի բոլորի կողմից։ Այսօրվա ճեպազրույցի ժամանա...
«Արցախի ժողովրդի անունից հայտարարում եմ». նախագահը գրառում է արել
Արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանը «հուզական» և ուշադրության գրավման համար հետաքրքրական՝ բնապահպանական կեղծ թեմաներով համեմվ...