Նրանք թաղեցին այս ձևաչափը որպես միջազգային հարթակ․ Զախարովան՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քայլերի մասին

ԱՄՆ-ն և Ֆրանսիան իրենք են կանգնեցրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի աշխատանքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով այն հարցին, թե ինչու Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը չեն կարող միասին աշխատել կարգավորման ուղղությամբ։

 

«Գնահատականն արդեն տրվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ։ Որպես համանախագահներ՝ Վաշինգտոնն ու Փարիզը մտացածին պատրվակներով այս տարվա փետրվարին հրաժարվեցին Մոսկվայի հետ համագործակցությունից։ Նրանք էլ թաղեցին այս ձևաչափը որպես միջազգային հարթակ», - հավելել է Զախարովան։

 

Նրա խոսքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև փոխգործակցության խախտման համատեքստում բացառություն չեն դարձել նաև Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան քննարկումները։ Զախարովան նշել է, որ նախ բանակցությունների 56-րդ փուլը կայացել է 9-ամսյա ընդմիջումից հետո, հաջորդ փուլն էլ նախատեսված էր ընթացիկ տարվա դեկտեմբերին, բայց հետաձգվել է մինչև 2023 թվականի փետրվար։

 

Հիշեցնենք, որ ապրիլին Լավրովը հայտարարել էր, որ չգիտի, թե ինչպիսին կլինի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի հետագա ճակատագիրը։ Նրա խոսքով՝ պատճառը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումն է, որոնք հրաժարվել են այդ ձևաչափով համագործակցել ՌԴ-ի հետ: Իսկ նոյեմբերի կեսերին ամերիկացի միջնորդ Ֆիլիպ Ռիքերը հաստատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի գործում։

Քաղաքականություն

Պատահարներ