«Հայաստան» դաշինքից երկու անդամ հրաժարվել են պատգամավորական մանդատը վերցնելուց
«Հայաստան» դաշինքի անդամ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հայտարարել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատը վերցնելուց:
«Սիրելի հայրենակիցներ,
– 2020 թ. համազգային աղետից հետո, առավել քան երբևէ, կարիք կար հասարակության տարբեր շերտերի գիտելիքների, հմտությունների համախմբման՝ հանուն պետականության և հանուն պետականության անկումը կանխելու: Լինելով և շարունակելով մնալ անկուսակցական՝ որոշում էի կայացրել իմ մասնագիտական գիտելիքները բացի գիտա-կրթական ոլորտից, ծառայեցնել նաև ավելի գործնական, այդ թվում և՝ քաղաքական դաշտում, քանզի ստեղծված օրհասական իրավիճակում զուտ գիտա-կրթական գործունեությամբ պարփակվելը համարել և համարում եմ խուսափողականություն, իսկ հարմարվողական մտավորականությանը՝ մեծագույն աղետ պետության համար: Ուստի, մասնակցել եմ 2021 թ. խորհրդարանական ընտրություններին այս իշխանություններին այլընտրանք հանդիսացող ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով: Դա բացի քաղաքականից, միևնույն ժամանակ, իմ քաղաքացիական քայլն էր:
– Սակայն տարբեր պատճառներով ընտրություններում արձանագրված արդյունքներով Հայաստանում տեղի չունեցավ փոփոխություն, և պատերազմում պարտված ուժը շարունակեց կառավարել: Ցավոք, իրականացել և շարունակում են իրականանալ շատ մասնագետների, այդ թվում և իմ, այն կանխատեսումները, որ իշխանափոխության չիրականացումը Հայաստանի համար որևէ դրական հեռանկար չի խոստանում. այսօրվա իրավիճակը դրա լավագույն ապացույցն է:
– Սկսած 2018 թվականից և հատկապես 2020 թ. նոյեմբերից հետո՝ որպես ընդդիմադիր քաղաքացի, որպես թուրքագետ ունեցել եմ և հիմա էլ շարունակում եմ ունենալ իմ փաստարկված մոտեցումները և դիրքորոշումը հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ, որոնք որևէ փոփոխության չեն ենթարկվել:
– Իրավիճակը փոխելուն հանձնառու ընդդիմադիր ուժերին տարբեր պատճառներով առ այսօր չի հաջողվել հասնել հաջողության: Չեմ ուզում գնահատական տալ այն գործողություններին, որոնց մշակման և իրականացմանը որևէ մասնակցություն չեմ ունեցել, սակայն այս ընթացքը և այսօրվա գործելաոճը ինձ համար առհասարակ ընկալելի չեն, և համարում եմ, որ վերջնական նպատակին հասնելու համար արվող քայլերը այս պահին և իրողություններին համարժեք չեն:
– Հատկապես այսօրվա Ազգային ժողովում և ներկայումս ստեղծված իրավիճակում իմ հավանական պատգամավորական գործունեությունը համարում եմ ոչ նպատակահարմար, քանզի դրա օգտակարությունը մեր պետականության համար կարծում եմ կլինի կամ զրոյական, կամ աննշան, ուստի որոշում եմ կայացրել հրաժարվել խորհրդարանական ընտրություններից գրեթե 1.5 տարի անց ինձ հասած պատգամավորական մանդատից և չեմ ուզում մասնակցել ինքնանպատակ գործընթացներին:
– Շարունակելու եմ հավատարիմ մնալ իմ ընդդիմադիր քաղաքացիական դիրքորոշմանը, իմ մասնագիտությունից բխող ճշմարտություններին և իմ գիտելիքներն ու հմտությունները անմնացորդ ծառայեցնելու եմ մեր պետականությանը, մեր լուսավոր երիտասարդ սերնդի կրթության գործին:
Վաղը մանդատից հրաժարվելու դիմումը կներկայացնեմ ԿԸՀ», – ասված է հայտարարության մեջ:
ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել նաև Ռոբերտ Հայրապետյան: Նա մասնավորապես գրել է.
«Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ:
Հետագա հասարակական գործունեությանս մեջ անդավաճան եմ մնալու սկզբունքներիս և անկախ կարգավիճակից` շարունակելու եմ ընդդիմադիր գործունեությունս ու պայքարը` գործող ապիկար իշխանությունների դեմ:
Աստված պահապան Հայաստանին և Արցախին»,- գրել է Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդեւանյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ Վահե Հակոբյանը, Ելենա Կիրակոսյանը եւ Հռիփսիմե Ստամբուլյանը մանդատները վայր դնելու դիմումներ են ներկայացրել։ Եթե նրանք սահմանված մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնեն իրենց դիմումները, ապա խորհրդարանում նրանց կփոխարինեն նոր պատգամավորներ։
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին չի հայտարարել,ասվել է, որ ՀԱՊԿ-ն է լքում է տարածաշրջանը». ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդա...
«Բաքուն մտադիր է փակել Լաչինի միջանցքը». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ ԽՎ նիստում հայտարարել է, թե Բաքուն մտադիր է փակել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լա...
Նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվեն
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հանրային ծառայության մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում առաջարկվող լր...
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը երեկ նիստ են անցկացրել. մանրամասներ
2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնո...