ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սյունիքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարը պայթել ու թափոնաջրերը գյուղն է լցվել
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թափոնաջրերը շարունակում են առատորեն աղտոտել Ողջի գետն ու պոչամբարի հարակից բնակավայրերը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ բոլորովին վերջերս կոմբինատին պատկանող «Արծվանիկի» պոչամբարի թափոնաջրերն ու պոչանքները ոչ միայն Աճանան վտակ, այնուհետ՝ Ողջի գետ, այլ նաեւ հարակից բնակավայրեր են հասել, աղտոտել միջավայրն ու վնասել գյուղացիական տնտեսությունները:
Աշխարհագետ Լեւոն Գալստյանը, որ «Արծվանիկի» պոչամաբարի խնդիրներին ու նրա հասցրած վնասներին քաջատեղյակ է, ասում է, որ պոչամբարից թափոնների արտահոսք միշտ է եղել ու կա նաեւ այժմ: Բացատրում է.
«Բանն այն է, որ պոչամբար հասնող պոչանքների կարծր հատվածը նստվածք է տալիս, մնում պոչամբարում, հեղուկ զանգվածը դեպի Աճանան է հոսում: Եվ եթե ուշադիր նայեք, ապա վտակի գույնն անգամ տարբեր է՝ մինչեւ պոչամբար մաքուր, պոչամբարից հետո՝ արծաթագույն, եւ դա՝ դեռ անզեն աչքով: Չնայած ԶՊՄԿ-ից հավաստիացնում են, թե իրենք համապատասխան մարմնից սահմանված չափի արտանետումների թույլտվություն ունեն, բայց մի շարք դեպքեր են եղել, երբ լաբորատոր քննություն է կատարվել, ու պարզվել է՝ ծանր ու վնասակար մետաղներով հարուստ կեղտաջրերը գերազանցում են սահմանված թույլատրելի կոնցետրացիաները: Իհարկե, նաեւ վթարներ են լինում, պոչանքը դեպի պոչամբար տանող խողովակներն են պայթում, վնասվում, ծակվում, ու դա էլ իր հերթին է հավելյալ աղտոտում միջավայրը: Այն, որ այդ պոչամբարից ամենօրյա ռեժիմով Աճանան վտակ, այնուհետ՝ Ողջի, տարբեր քանակի պոչանքային ջրեր են լցվում, փաստ է»:
Ինչ վերաբերում է լիազոր մարմնին՝ Բնապահպանական եւ ընդերքի տեսչությանը, ապա կառույցից նախ լսել են մեր հարցը, խոստացել մինչեւ օրվա ավարտ պատասխանել, ապա աշխատանքային ժամի ավարտին խնդրել գրավոր հարցում ուղարկել: Իհարկե, մենք դա չարեցինք ու չենք էլ պատաստվում անել, քանի որ բնապահպանությունը կարեւորող գերատեսչությունը ոչ թե գրավոր հարցումների հետեւից պետք է ընկնի ու մի քանի օր անց միայն պատասխանի՝ ինչ է կատարվել կամ կատարվում, այլ հենց նույն պահին գնա ահազանգի հետեւից, պարզի եղելությունն ու կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկի: Տեսչական մարմնի՝ տված արձագանքն, ի դեպ, այդ կառույցի աշխատելաոճի, իսկ իրականում պարապուրդի մատնված վիճակի մասին է վկայում:
Իրավատեր Կապանցիներ Բնապահպանական ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Ողջի գետը Քաջարան քաղաքում. երեք օր է այս վիճակն է»։