Ադրբեջանի ՊՆ-ի տարօրինակ պահանջը՝ խաղաղապահներից
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կարծում է, թե ռուսական խաղաղապահ զորախումբը չի արձագանքում իրենց կոչերին և կանխակալ վերաբերմունք ունի 2 կողմերի հայտարարությունների նկատմամբ:
«Ցավալի է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի արհամարհական վերաբերմունքը մեր կոչերին», - այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ երեկ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ։
Խոսքը Լեռնային Ղարաբաղ անունը ռուսական հաղորդագրություններում չկիրառելու մասին է, քանի որ արդեն մի քանի օր է ինչ Ադրբեջանը նման տարօրինակ պահանջ է ներկայացնում և պնդում, որ ռուսական կողմն անտեսում է իր պահանջները:
«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ անընդունելի է Ադրբեջանի Հանրապետության տարածքում բնակավայրերի անունների հիշատակումը հայկական հորինված տեղանուններով, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտության օգտագործումը։
Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին պաշտոնական հաղորդակցություններում չօգտագործել այդ ոչ ճիշտ արտահայտությունները, և հուսով ենք, որ մեր կոչը հաշվի կառնվի։ Բացի այդ, պահանջում ենք իրենց հրապարակած քարտեզի վրա ճիշտ նշել մեր տարածքի անունը»,- ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը նաև հորդորել է Լեռնային Ղարաբաղում գտնվող տեղանունների ադրբեջաներեն տարբերակները կիրառել՝ որպես օրինակ նշելով Մարտակերտն ու Մարտունին:
Նշենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում ևս օգտագործվում է Լեռնային Ղարաբաղ անվանումը։