Հասարակություն Կարևոր

«13 զինծառայողների դիերի նույնականացման արդյունքները կլինեն առաջիկա օրերին». Ավանեսյան

Unknown 105 դիտում
«13 զինծառայողների դիերի նույնականացման արդյունքները կլինեն առաջիկա օրերին». Ավանեսյան

 Հայաստանին փոխանցված 13 զինծառայողների դիերի նույնականացման ավարտուն արդյունքները կլինեն առաջիկա օրերին։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

ՊՆ–ն նոյեմբերի 28-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերյան դեպքերի ժամանակ զոհված 13 հայ զինծառայողների մարմիններ:

«Փոխանցված մարմինների ընդհանուր փորձաքննությունները մեկ շաբաթվա ընթացքում իրականացնում ենք, ավարտում ենք և արդյունքները փոխանցում քննչական մարմիններին»,–ասաց նախարարը։

Ավանեսյանը նաև հայտնեց, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծված ագրեսիայի հետևանքով բոլոր զոհվածների մարմիններն արդեն նույնականացվել և հուղարկավորվել են։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250