
Իսրայելը Ուկրաինային ռազմամթերք է մատակարարել երրորդ երկրների միջոցով. Haaretz

ԱՄՆ-ի ճնշման ներքո Իսրայելը համաձայնել է ֆինանսավորել Ուկրաինային միլիոնավոր դոլարների «ռազմավարական նյութերի» մատակարարումը, գրում է իսրայելական Haaretz թերթը։
Հրատարակությունը, վկայակոչելով եվրոպական դիվանագիտական աղբյուրները, հայտնում է, որ մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ ներկայացուցիչները դիմել են Իսրայելի իշխանություններին՝ համառորեն խնդրելով միանալ Կիևին օգնություն ցուցաբերելու ՆԱՏՕ-ի երկրների ջանքերին։
Հեղինակները գրում են, որ Վաշինգտոնը ցանկանում էր, որ Երուսաղեմը հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարի Կիևին, թեև Իսրայելի իշխանությունները նախկինում պաշտոնապես մերժել էին այդ հնարավորությունը՝ վկայակոչելով ազգային շահերը։ Արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ Իսրայելը «կֆինանսավորի ռազմավարական նյութեր» ուկրաինական կողմի համար։
Թերթի զրուցակիցները հայտնել են, որ Իսրայելի կառավարությունը՝ վարչապետ Յաիր Լապիդի գլխավորությամբ, հավանություն է տվել այս քայլին, սակայն նախարարների կաբինետը հրաժարվել է պաշտոնական մեկնաբանություններից։
Ըստ աղբյուրների՝ Իսրայելն ընդհանուր առմամբ այդ նպատակների համար ծախսել է «մի քանի միլիոն դոլար», որոնք փոխանցվել են ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկին՝ «խորապես ներգրավված Ուկրաինային ռազմական տեխնիկա մատակարարելու մեջ»։ Այս պետությունը ստացված միջոցներով ձեռք է բերել նույն ռազմավարական նյութերը և ուղարկել Ուկրաինա։
Միաժամանակ, նյութում չի նշվում, թե կոնկրետ ինչ է նկատի ունենում «ռազմավարական նյութեր» ասելով։ Հեղինակները գրում են, որ Իսրայելի իշխանությունները խնդրել են այդ մատակարարումների բոլոր մասնակիցներին մանրամասներ չհրապարակել՝ ռուսական կողմին չնյարդայնացնելու համար։
Ըստ աղբյուրների, Իսրայելը համաձայնել է նաև ՆԱՏՕ-ի երկրների միջոցով Ուկրաինային իսրայելական բաղադրիչներ պարունակող սպառազինության համակարգեր մատակարարելու հնարավորությանը, այդ թվում՝ օպտիկական համակարգեր և կրակի կառավարման համակարգեր։