Եթե Գյուլիստանի պայմանագիրը չլիներ, Ադրբեջանը կլիներ Իրանի մաս․ իրանցի պաշտոնյաները՝ Ալիևին

Իրանցի օրենսդիր Սեյեդ Ալբորզ Հոսեյնին Ադրբեջանի նախագահին հիշեցրել է այն փաստը, որ  Գյուլիստանի պայմանագրով Ադրբեջանի Հանրապետությունը ստեղծվել է՝ առանձնանալով Իրանից:

 

«Ադրբեջանի նախագահը հայտարարություններ  է արել թուրքաբնակ տարածքների մասին։ Ես առաջարկում եմ, որ նա կարդա Գյուլիստանի պայմանագիրը, որպեսզի հասկանա, թե որ տարածքն է առանձնացվել որ տարածքից։ Հարևան պետությունների տարածքային ամբողջականության մասին այս արտահայտությունները հարիր չեն Ադրբեջանի նախագահին»,- ասել է Հոսեյնին՝ փոխանցում է Tehran Times-ը։


Վերջինիս ասածը հնչել է որպես պատասխան Ալիևի հակասական հայտարարությանը թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովի ժամանակ, որտեղ նա ասել էր, թե թյուրքական աշխարհը բաղկացած է ոչ միայն անկախ թյուրքական պետություններից, նրա աշխարհագրական սահմաններն ավելի լայն են։ 

 

«Կարծում եմ, որ ժամանակն է կազմակերպության շրջանակում ուշադրություն դարձնել այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են թյուրքական  կազմակերպության անդամ երկրների սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների ձուլման կանխումը և իրավունքների, անվտանգության ու ազգային ինքնության պաշտպանությունը» - ասել է Ադրբեջանի նախագահը։ 

Սրան ի պատասխան Հոսեյնին ասել է, որ Ալիևի հայտարարություններն անիրատեսական են, և եթե Գյուլիստանի պայմանագիրը չլիներ, Ադրբեջանը կլիներ Իրանի մաս:

Նա նաև կոչ է արել Իրանի արտաքին գործերի նախարարությանը և Մեջլիսին արձագանքել այս հայտարարություններին։

 

Քաղաքականություն

Պատահարներ