«Ինձ ոչ մեկը չի ծեծել». Արմեն Հակոբջանյանը` մամուլի հրապարակումների մասին

 «Ինձ ոչ մեկը չի ծեծել, ոչ մի կապտուկ կամ վնասվածք չունեմ, ես էլ ոչ մեկին չեմ ծեծել»,- Aravot-ի հետ զրույցում նշեց Սիսիանի համայնքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանը։ Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Արմեն Հակոբջանյանը ծեծել է սեպտեմբերի 25-ին Սիսիանի ավագանու ընտրություններում առաջադրված ուժերից մեկի ներկայացուցչի բարեկամին, որից հետո իբր իրեն են ծեծել։

 

 «Զանգում եմ այդ լրատվամիջոցին՝ չեն պատասխանում։ Ես ողջ ու առողջ եմ»,-նշեց Հակոբջանյանը։ Ինչ վերաբերում է մարզային միջոցառումներին չմասնակցելուն, ապա Արմեն Հակոբջանյանը նշեց, որ չնայած ինքը համայնքապետ ընտրվեց հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանու առաջին նիստում, բայց հետո նիստեր չկայացան քվորումի պատճառով։ «Ընտրվել եմ, բայց դեռ լիազորություններս չեմ ստանձնել, ուստի այս պահին համայնքի ղեկավարի պարտականությունները կատարում է առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանը, ուստի բոլոր հրավերները նրան են ուղարկվում»,-մեզ հետ զրույցում նշեց Արմեն Հակոբջանյանը։ 

 

Հիշեցնենք՝ Սիսիանի համայնքի ավագանու 21 մանդատներից 8-ը ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», 5-ը՝ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը, 4-ը՝ «Ապրելու երկիրը», 2-ական մանդատ՝ «Մեկ Հայաստան» եւ «Հանուն Հանրապետության» կուսակցությունները։ «Աշխատանք եւ Արդարության», «Մեկ Հայաստանի» եւ «Ապրելու երկրի» թեկնածուները, ինչպես նաեւ ավագանու անդամները բացարկի դիմումներ են ներկայացրել։ Իսկ ավագանու 10 անդամով նիստը իրավազոր չէ, քանի որ քվորումը չի ապահովվում։
 

Քաղաքականություն

Պատահարներ