Փոխվարչապետի օգնականի ընկերությունը արտոնություն է ստացել կառավարությունից. Fip

 Կառավարությունը նոյեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրել «գերակա ոլորտում գործունեություն իրականացնող» «ԴՐԻՄԻ ԴՈՄՍ» ընկերությանը։ Այս մասին գրում է Fip փաստերի ստուգման հարթակը:

 

Ըստ որոշման հիմնավորման՝ ««ԴՐԻՄԻ ԴՈՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է ներմուծել թվով 23 «դոմս» վրաններ՝ վրանատիպ կառուցվածքներ՝ բնության մեջ զբոսաշրջային նոր ուղղությունների զարգացման նպատակով։ 

Ընկերությունը, ըստ կառավարության, արդեն իսկ իրականացրել է 19 միլիոն դրամի ներդրում և նախատեսում է, ընդհանուր առմամբ, իրականացնել մոտ 80 միլիոն դրամի ներդրում։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի տարբեր մարզերում։

«ԴՐԻՄԻ ԴՈՄՍ» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի ապրիլին։ 

Ընկերության 50 տոկոս բաժնետերեր են Շուշաննա Կոստանյանը և Սաթենիկ Ղևոնդյանը։ Ընկերության տնօրենը Շուշաննա Կոստանյանի հայրն է՝ Գագիկ Կոստանյանը։ 
 

Շուշաննա Կոստանյանը նախորդ տարվա դեկտեմբերից փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականն է, իսկ 2020 թվականից աշխատում էր Մաթևոսյանի ղեկավարած Արմավիրի մարզպետարանում` որպես զարգացման, զբոսաշրջության ու վերլուծության բաժնի փորձագետ։ 

Քաղաքականություն

Պատահարներ