ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի խոսքը` Պուտինի հետ հանդիպման ընթացքում
Հայաստանի համար կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքերին ելման դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության հարցում։ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա սահմանազատման և սահմանագծման թեմայի համատեքստում նշեց, որ այս գործընթացի սկզբում Երևանը քանիցս ընդգծել է, որ նախ պետք է սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման մեխանիզմներ ստեղծվեն։
«Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումն ինքնին կդառնա սահմանային անվտանգության մեխանիզմ։ Մենք չէինք կիսում այդ դիրքորոշումը, բայց ի վերջո որոշեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դիրքորոշման վրա։ Սակայն, ի հեճուկս դրան, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր լայնածավալ ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի դեմ և նոր տարածքներ օկուպացրեց»,–հավելեց վարչապետը։
Այդ իսկ պատճառով էլ, ըստ Փաշինյանի, Հայաստանի համար այժմ կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումն այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։
Փաշինյանը խոսել է նաև ԼՂ հարցի կարգավորման, հաղորդակցությունների ապաշրջափակման մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այսօր եռակողմ հանդիպում կանցկացնեն Սոչիում։ Մինչ եռակողմ հանդիպումը Սոչիում ընթանում է Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպումը։
Փաշինյանի հետ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն են մեկնել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնյաներ։