Զախարովան նպատակահարմար չի համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի մանրամասների հրապարակումը

Մենք համալիր աջակցություն ենք ցուցաբերում Ռուսաստանի դաշնակից երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում ՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներին։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

Նա հավելել է, որ «խաղաղության պայմանագրի» համապարփակ առաջարկները Մոսկվան փոխանցել է Հայաստանին ու Ադրբեջանին։

 

«Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Բաքվին և Երևանին: ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մի շարք այցեր է կատարել տարածաշրջան՝ այս հարցի շուտ խորհրդակցություններ անցկացնելու համար: Նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դերակատարումը, կամ խոսել մեր «անգործության» մասին, կարծում եմ՝ ցանկալին ներկայացնում են որպես իրականություն: Մենք զբաղվում ենք գործնական աշխատանքով»,- ասել է Զախարով՝ նշելով, որ այդ աշխատանքը պետք է ամրապնդվի կոնկրետ արդյունքներով:

 

Բանակցային գործընթացի մանրամասները ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի ներկայացրել։

 

«Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի խիստ զգայունությունը՝ նպատակահարմար չենք գտում հրապարակավ ներկայացնել ընթացող բանակցային գործընթացի մանրամասները: Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի դիրքորոշումներին, ապա այդ հարցերը պետք է ուղղել նրանց: Բայց ևս մեկ անգամ կրկնեմ՝ մենք նպատակաուղղված ենք արդյունքին», - ասել է Զախարովան:

Քաղաքականություն