«Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը». Բորելը` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հարցի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն արել է ամեն ինչ՝ կոչ անելով կողմերին երկխոսության, ինչպես նաև հրադադար հաստատելու համար։

«Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին, մենք խնդրում ենք Թուրքիային օգտագործել այդ ազդեցությունը երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար», - ասել է Բորելը:

Բորելի խոսքով` Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանների բացումը կօգնի նվազեցնել լարվածությունը։

«Ես ցանկանում եմ, որ Հարավային Կովկասում, ինչպես նաև շատ այլ շրջաններում, որտեղ դրա կարիքը կա,  հասնենք խաղաղության։ Դժբախտաբար ունենք միայն քաղաքական ազդեցության միջոց։ Տարածաշրջանում մենք ունենք հատուկ բանագնաց, որը մշտական կապի մեջ է երկու երկրների և Մինսկի խմբի եվրոպացի անդամների հետ։ Մենք նաև մարդասիրական օգնություն ենք առաջարկում, և դա այն է, ինչ մենք կարողանում ենք անել»,- նշել է Բորելը։

Բորելն ընդգծել է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը։

«Ադրբեջանը ռմբակոծել և գրավել է հայկական տարածքի մի մասը, Հայաստանին պատկանող տարածքներում նրանք օգտագործում են հրետանի, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Այն, ինչ տեղի է ունենում, սարսափելի ցավ է, 300 զինծառայող է զոհվել, նրանցից 207-ը հայաստանցիներ են։ Կան օկուպացված տարածքներ, ինչը բացարաձակ անընդունելի է ու միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հարգանքի բացակայություն։ Զինված ուժերն այնքան մոտ են, որ նոր հակամարտության վտանգ կա», - նշել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը` հավելել, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը։

Բորելը խոսել է նաև այ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի մասին և հայտարարել, որ հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունը «սարսափելի է», ընդգծել, որ հետաքննություն է պահանջվում։

 

Քաղաքականություն

Պատահարներ