
«Երեկ առնվազն 15-20 րոպե կրակել են». Ավետյան

Երեկ երեկոյան ադրբեջանական ստորաբաժանումները դարձյալ թիրախավորել էին Ներքին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Առնվազն 15-20 րոպե կրակել են: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը:
«Կրակոցներ համարյա ամեն օր են լինում: Ավելին՝ ինքնաձիգից կրակոցները սովորական են դարձել: Որ օրը չեն կրակում, զարմանում ենք: Պատկերացրեք, որ արդեն բանի տեղ չենք դնում, մշտական բան է դարձել»,-ասաց Ավետյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: