«Հյուսիսային հոսքերի» պայթյունների պատճառով կարող էր վնասվել Շվեդիայի և Լեհաստանի միջև ստորջրյա բարձրավոլտ մալուխը

Շվեդ փորձագետները կարծում են, որ Շվեդիայի և Լեհաստանի միջև ստորջրյա բարձրավոլտ մալուխը կարող էր վնասվել Nord Stream գազատարների պայթյունների հետևանքով, հայտնում է SVT-ն։

 

Swepol Link էլեկտրական մայրուղին դրված է ծովի հատակին Շվեդիայի Կարլշամնի մոտ գտնվող Ստերն թերակղզու և Լեհաստանի Բրյուսկովո Վելկիի միջև: Շվեդական Svenska kraftnat էներգահամակարգի ներկայացուցիչ Պեր Կվարնեֆալկը հայտնել է, որ մալուխը գտնվել է ենթադրյալ պայթյուններից մեկի վայրից 500 մետր հեռավորության վրա: Նշվում է, որ ներկայումս ստորջրյա էլեկտրահաղորդման գիծն անջատված է, իսկ վնասի մասին տվյալներ ձեռք բերելու հնարավորություն առայժմ չկա։

 

«Մենք չգիտենք, թե որքան ուժգին է եղել պայթյունը։ Համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է, մենք չափումներ կիրականացնենք հաջորդ շաբաթվա սկզբին»,- ասել է Կվարնեֆալկը՝ հավելելով, որ գծի երկարաժամկետ անջատումը կազդի Եվրոպայում էլեկտրաէներգիայի մատակարարման իրավիճակի վրա։
 

Ավելի վաղ ԱՄՆ-ը հրաժարվել էր խոսել «Հյուսիսային հոսք» գազատարների վթարի պատճառների մասին, քանի դեռ պաշտոնական հետաքննություն չի իրականացվել։ Այսպես, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է գազի արտահոսքի վայրում տեսած ամերիկյան ռազմաօդային ուժերի ուղղաթիռների մասին հրապարակումները։

Քաղաքականություն

Պատահարներ