Հասարակություն

Խաղողագործներին խոստացած որոշումն ընդունվեց. մանրամասներ

Խաղողագործներին խոստացած որոշումն ընդունվեց. մանրամասներ

 ՀՀ կառավարության այսօրվա նիստում առանց զեկուցան ու քննարկման ընդունվեց մի որոշում, որի մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնարկել էր երեկ` սեպտեմբերի 28-ին խաղողի մթերումից դժգոհ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ։

Ընդունված որոշմամբ կառավարությունը որոշ փոփոխություններ է կատարել խաղողի մթերման ու վերամշակման ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերում։

 

Մասնավորապես` եթե գործող որոշմամբ կառավարությունը սուբսիդավորում է մինչև հուլիսի 1-ը կնքված մթերման պայմանագիր ունեցող գյուղացիական տնտեսությունների վարկի գումարները, ապա նոր որոշմամբ սահմանվել է պայմանագրի կնքման նոր ժամկետ` սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։ Վարկերը տրամադրվելու են մինչև 4 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվելու են 11 տոկոսով։ Վարկի մայր գումարի մարման համար սահմանվել է 2 տարվա արտոնյալ ժամկետ։

 

Վերամշակողների համար խաղողի մթերումների նպատակով 2022 թվականին տրամադրվող վարկի չափը հաշվարկվելու է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը կնքված պայմանագրերում նշված գներով։

Նշենք, որ կառավարության տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ Հայաստանում շուրջ 30 000 տոննա խաղողի մթերման խնդիր կա։ Այն լուծելու համար առանձին վերամշակող ընկերություններ պատրաստակամություն են հայտնել լրացուցիչ մթերումներ կատարել։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, մինչև ս.թ. հուլիսի 1-ը գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է խաղողի գնման 5213 պայմանագիր` ընդհանուր 117 200 000 տոննա խաղողի համար։

Կառավարության համոզմամբ, մթերման պայմանագրերի կնքման վերջնաժամկետի փոփոխությունը թույլ կտա կնքել լրացուցիչ պայմանագրեր ու կատարել լրացուցիչ մթերումներ։

 

Խաղողի մթերման պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2022-2023 թվականների համար Էկոնոմիկայի նախարարությանը բյուջեից հատկացվել է 15 մլրդ դրամ։ Լրացուցիչ սուբսիդավորումը նախատեսվում է իրականացնել այդ գումարի շրջանակում։

Նշենք, որ 2024 թվականի համար նախատեսվում է 530 մլն, 2025 թվականի համար՝ 829 մլն դրամ սուբսիդավորման անհրաժեշտություն։

Հիշեցնենք` Արմավիրի մարզի խաղողագործները, Մեծամոր և Սարդարապատ համայնքների ղեկավարները սեպտեմբերի 28-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել` բարձրաձայնելու խաղողի մթերման գնի հետ կապված խնդիրները։ Ավելի ուշ նրանք կառավարությունից գնացին էկոնոմիկայի նախարարություն, որտեղ հանդիպում ունեցան նախարար Քերոբյանի հետ, որտեղ նախարարը իբրև առաջացած խնդիրների լուծման տարբերակ խոստացավ` վաղը կառավարությունում ապրանքի մթերման և գնի վերաբերյալ որոշում կկայացվի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից