Հայկական և ադրբեջանական կողմերը ինժեներական աշխատանքներ են կատարում, ուզենք–չուզենք կոնֆլիկտ է ծնվում․ Քոչարյան

Հայ-ադրբեջանական սահմանին միշտ լարվածություն է լինելու, այդ պատճառով միջազգային կառույցների հաջորդ քայլը պետք է լինի դիտորդական առաքելություն ներդնելը։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 


Միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր Twitter-ում, իսկ այսօր` հայտարարել կառավարության նիստում։ 


Քոչարյանը նշեց, որ լարվածությունն առաջացել է առաջնագծում ինժեներական աշխատանքներ կատարելու արդյունքում։ Այդ աշխատանքներն իրականացվում են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից։ 


«Այդ աշխատանքներն այնքան մոտ են իրար, որ ուզենք–չուզենք կոնֆլիկտ է ծնվում, կրակում են։ Գոնե լավ է` լայնամասշտաբ գործողության չի վերածվում, որովհետև միջազգային արձագանքն այնուամենայնիվ զսպեց Ադրբեջանի ինչ–որ գործողություններ»,–ասաց Քոչարյանը։ 


Նա վստահ է, որ այս տեսանկյունից դիտորդների տեղակայումը կարող է թուլացնել լարվածությունը հայ–ադրբեջանական սահմանին։ 


Պատգամավորի խոսքով` դիտորդական առաքելության առաջարկով կարող են հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նրանք հիմա էլ կարող են ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի համաձայնի հարցի լուծմանը։ 


Նա ընդգծեց` դիտորդական առաքելությունը չի նշանակում, որ միջազգային դիտորդներ գան ու կանգնեն երկու հակամարտող երկրների զորքերի մեջտեղում։ Դա հսկողության համակարգերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործումն է, որոնք կկարողանան հետևել և արձանագրել, թե ով է առաջինը կրակել։ 


 

Քաղաքականություն