Գլխավոր դատախազը ևս մեկ պաշտոնյայի է ազատել աշխատանքից

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքից ազատել է գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետին։ Տեղեկությունը հրապարակվել է դատախազության կայքում։

Գլխավոր դատախազը հրամանը ստորագրել է` հիմք ընդունելով Վաղինակ Ջանազյանի դիմումը։ Ըստ փաստաթղթի` նա պաշտոնը կլքի հոկտեմբեր 3-ին։

 

Նշենք, որ Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո գրեթե անմիջապես պաշտոնից ազատեց գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Վահե Հարությունյանին։ Ավելի ուշ Վարդապետյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին նաև նրա տեղակալներ Արմեն Աֆանդյանը և Հայկ Ասլանյանը։

 

Բացի այդ, պաշտոնից ազատվել են նաև Վահե Հարությունյանի տեղակալներ Արսեն Սարդարյանն ու Սևակ Հովհաննիսյանը։

Ներկա պահին Վարդապետյանը երկու տեղակալ ունի` Աննա Գալյանն ու Գևորգ Բաղդասարյանը, որոնք այդ պաշտոններում նշանակվել են 2020թ–ի օգոստոսին և սեպտեմբերին։

Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա սեպտեմբերին ավարտվեց, և նա վերընտրվելու իրավունք այլևս չուներ։ Այդ պաշտոնը ստանձնեց Աննա Վարդապետյանը, որը ՀՀ պատմության ողջ ընթացքում առաջին կին գլխավոր դատախազն է։

Քաղաքականություն