Ջո Բայդենը Հայաստանի բարեկամն է․ Փելոսի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ինչպես նաև Կոնգրեսի համար առաջնահերթություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս մասին Երևանի Գաֆեսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ 


«ԱՄՆ–ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային գործընթացի կայուն, խաղաղ կարգավորմանը։ ԱՄՆ–ն վաղուց նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ և շարունակաբար տեղի ունեցող ռազմական գործողությունները նորանոր կյանքեր են խլելու»,– նշեց Փելոսին։ 


Ներկայացուցիչների պալատի խոսնակը ընդգծեց, որ իրենց պատվիրակությունը Հայաստան է ժամանել քննության առնելու անվտանգության, ժողովրդավարության և տնտեսության հետ կապված հարցերը։ 


Նշենք, որ Փելոսին Երևանում է պաշտոնական այցով։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:

Քաղաքականություն

Պատահարներ