
Սուրմալուի և Փեթակի աշխատակիցները բողոքի ակցիայի են դուրս եկել

«Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոնների աշխատակիցները պահանջում են երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը, քանի որ փողոցի միակողմանի փակ լինելուց տուժում է իրենց առեւտուրը:
«Ինչի համար է այս ճանապարհը փակ, տոնավաճառ չեն գալիս մարդիկ, որովհետեւ բնապահպանության նախարարությունը հայտարարություն է տարածում, որ 60 կմ շառավղով օդն աղտոտված է: Հիմա թող մեկը գա` մենք հարց տանք, մարդու իրավունքների պաշտպան գոյություն ունի՞ Հայաստանում, հեսա տեսնում եք 2000 հոգի մարդ է կանգնած, ի՞նչ անեն էս մարդիկ, մենք տեր չունենք, ոչ տնօրինություն կա, ոչ բան, մեր տերն Աստված է »,-ասաց աշխատակիցներից մեկը:
Մեկ այլ աշխատակից էլ ասաց, որ առեւտրականները մեղք չունեն, որ պայթյուն է եղել, եւ պատկան մարմինները պարտավոր են բացել ճանապարհը:
«Մեր բոլորիս խնդրանքն է, որ ճանապարհը բացվի: Միայն թող պայթած շինությունը կարմիր ժապավենով փակեն, չնայած որ այնտեղ վտանգ չկա, հիմա էլ ոչ մի աշխատանք չեն իրականացնում այդ պայթած շենքի տարածքում»,- ասաց նա:
Առեւտրի կենտրոններին հայտնել են, որ ճանապարհը փակ կլինի մինչեւ դեկտեմբերի 31-ը, հունվարից էլ դեռ պարզ չէ` երբ կբացվի ճանապարհը:
«Հիմա մենք չենք հասկանում, թե ով է զբաղվում այս հարցով, քաղաքապետարանն է, մարդու իրավունքների պաշտպանն է, մի հատ հասկանանք էլի` ով է զբաղվում այս հարցով : Էս ժողովուրդը խոտ չի ուտում, բոլորս էլ գիտենք, թե էս ամենը ինչը ինչի համար է, չենք ուզում խաղաքարտեր բացել, մենք սպասում ենք արձագանքի, արձագանք չեղավ վաղն էլ «Փեթակ»-ը փակ կլինի, մյուս օրն էլ փակ կլինի»,- ասաց աշխատակիցը:
Աշխատակիցները նշեցին, որ ոստիկանները քաղաքացիներին ուղղորդում են դեպի Սեւանի փողոց: