
Հայկ Մարությանին վերաբերող նյութերը «հայտնաբերվեցին»

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ նյութերն արդեն Հակակոռուպցիոն կոմիտեում են: Տեղեկությունը հայտնում է «168 ժամ» պարբերականը։
Կայքից հայտնում են, որ կոմիտեից իրենց տեղեկացրել են` քիչ առաջ են ստացել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։
Ըստ տեղեկությունների՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայկ Մարությանը 2019 թվականի փետրվարի 18-ին առանց նպատակային նշանակությունը փոխելու արդյունաբերական ընդերքի օգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել է «ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայնման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու» նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն:
Տեղեկություններ տարածվեցին նաև, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայնման եւ նոր մակերեսով մասնաշենք կառուցելու նախագծման եւ հետագայում նաեւ շինարարության թույլտվություն տալու գործով նյութերն «անհետացել են»։
Գլխավոր դատախազության News.am-ի աղբյուրները հայտնել են, որ այդ գործով նյութերը ոստիկանությունից ուղարկվել է դատախազություն, որտեղից էլ՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեից, երկրորդ օրն է՝ լրատվամիջոցի հետ զրույցում վստահեցնում են, որ այս գործով կոմիտեում նյութեր չկան.
«Որեւէ տեղեկություն չունենք»,- ասել էին կոմիտեից։
Հավելենք, որ դեռ երեկ Auroranews-ին ՀՀ քննչական կոմիտեից հաստատել էին տեղեկությունը․ «Մեզ մոտ վարույթը կարճվել է և ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե»։ Կառույցից այլ մանրամասներ չէին հայտնել։