Եթե Ջալալին դատում են, դրանից առաջ պետք է դատեն Փաշինյանին որպես այդ որոշումը հաստատած անձ. Հակոբյան

Այո, պատերազմի արդյունքը կարող էր այլ լինել, դա միանշանակ է, եւ նման արդյունքի պատճառը սխալ կառավարումն էր: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ եւ ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատերազմը իր տպավորությամբ կարող էր նաև այլ ելք ունենար:

 

Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, թե երբեմն այնպես է ստացվել, որ տպավորություն է, թե հրամանները այլ տեղից են եկել, այլ կենտրոններից, Մովսես Հակոբյանն ասել է. «Դա բացառվում է, եւ ես պատրաստ եմ ցանկացած զինվորականի համար պատասխանատվություն կրել: Մեկ այլ հարց է, որ այնտեղից, որտեղից պետք է ղեկավարվեր, չի ղեկավարվել, կամ ղեկավարվել է վատ»:

 

Անդրադառնալով նրան, որ բարձրաստիճան զինվորականների, գեներալների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել եւ Փաշինյանը զարմանք է  հայտնել, թե ինչու են հիմա որոշ շրջանակներ պաշտպանում այն զինվորականներին, որոնք պատասխանատու են եղել այդ օրերին, Մովսես Հակոբյանը նկատել է. «Նախ անդրադառնամ Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առաջին մասին, որը վերաբերում է հարավային ուղղության  օպերացիայի կազմակերպմանը: Նիկոլ Փաշինյանը որպես  գլխավոր հրամանատար, անձամբ ներկա է գտնվել այդ որոշման կայացման ժամանակ եւ ինքը դրան անդրադարձել է, որ ինքը մոդերատոր է եղել: Մոդերատոր լինելը գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնով նախատեսված չէ, այդ պաշտոնով նախատեսված է ղեկավարել, եւ այդ որոշումը հաստատել է ինքը: Եթե Ջալալ Հարությունյանին դատում են, դրանից առաջ պետք է դատեն իրեն որպես այդ որոշումը հաստատած անձ:

Երկրորդը, հրամանատարներին իրավունք չունեն դատելու որոշման արդյունքներով, որովհետեւ ոչ մի հրամանատարի կայացրած որոշում, անկախ նրանից, թե ինչ ռանգի է, դեռեւս չի նշանակում 100 տոկոսով իրագործում, որովհետեւ գործ ունենք հակառակորդի հետ: Բազմաթիվ հանգամանքներ կան, որ քո պլանավորած միջոցառումը 100 տոկոսով այնպես չի իրականանալու, ինչպես դու պլանավորել ես:  Դրա համար պատերազմը անընդհատ ղեկավարում են, ոչ թե որոշում եմ կայացնում ու մի կողմ քաշվում: Իմ ասածը վերաբերում է նրան, որ հրամանատարների որոշումը քննարկման ենթակա չէ, եւ դա օրենքի պահանջն է, իմ ցանկությունը չէ»:

 

Հարցին, թե արդյոք սրանով վարչապետը չի փորձում քաղաքական իշխանությունից պատասխանատվությունը տեղափոխել զինվորականների վրա, նա արձագանքել է . «Ես չգիտեմ՝ ինչ են ուզում անել, բայց այն, ինչ անում են, կոպիտ սխալ են թույլ տալիս, հատկապես ապագայի համար: Այսօր մեր լավագույն երկու գեներալների դատում են, քրեական գործ է հարուցված: Ո՞վ է մեղադրանք առաջադրել, քննիչը, որը զինվորական գործից ընդհանրապես  գաղափար չունի եւ չպետք է ունենա: Հրամանատարներին իրավունք ունեն դատել, եթե նրանք խախտել են օրենքը: Իսկ որոշում կայացնելը օրենքի խախտում չէ՝ անկախ նրանից, թե այդ որոշման արդյունքներն ինչպիսին են»։ 

Քաղաքականություն

Պատահարներ