Ե՞րբ են հեշտ ժամանակներ եղել․ Փաշինյանը ելույթ է ունեցել Վլադիվոստոկում

Դժվար ժամանակներ ենք ապրում. Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այս արտահայտությունն այսօր ամենաշատն է գործածվում։

 

«Իսկ ե՞րբ են հեշտ ժամանակներ եղել։ Եթե անկեղծ լինենք` մարդկության պատմությանը դժվարին ժամանակներից բաղկացած շղթա է, դրա համար էլ մարդկությունը հորինել է մի բանաձև, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակ բերում է նոր մարտահրավերներ ու բացում նոր հնարավորություններ»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ աշխարհի երկրների ղեկավարների խնդիրն է այսօր ճիշտ կառավարել ճգնաժամերն ու ճիշտ օգտագործել հնարավորությունները։

 

ՀՀ վարչապետը նշեց, որ մեր տարածաշրջանի համար ևս այսօր դժվարին ժամանակներ են. սրվում են անվտանգության հետ կապված բոլոր մարտահրավերները։

Փաշինյանը շեշտեց, որ ամբողջ աշխարհի, այդ թվում` ՀՀ գլխավոր ռազմավարական գործընկեր ՌԴ–ի ուշադրութունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, և մտավախություն կա, որ դա կարող է բերել ապակայունացման Լեռնային Ղարաբաղում։

 

«Մենք հույս ունենք, որ ՌԴ–ի հետ սերտ համագործակցությամբ ու մեր գործընկերների հետ փոխգործակցությամբ մենք կկարողանանք կառավարել ու մեր տարածաշրջանում իրավիճակը պահել հսկողության տակ, ինչը շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգության համար»,– ասաց Փաշինյանը։

 

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով։

 

Համաժողվին ներկա են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու այլ պետությունների ղեկավարներ։

 

Համաժողովի շրջանակներում նախատեսվում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովն այս տարի կրում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» խորագիրը։

Քաղաքականություն

Պատահարներ