
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար ձմեռային ռազմական սպառազինություն է պատրաստում. Spiegel

ՆԱՏՕ-ն ձմեռային զինվորական համազգեստ և այլ տեխնիկա է հավաքում ուկրաինական բանակի համար, որը ձմեռային պայմաններում պատրաստվում է Ռուսաստանի հետ ռազմական առճակատման։ Այս մասին գրում է Der Spiegel-ը՝ վկայակոչելով աղբյուրների։
Հուլիսի վերջին, ըստ թերթի, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը նամակ է գրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Նամակում նա շտապ կոչ է արել ուկրաինացի 200 հազար զինվորների համար ձմեռային հագուստ և ձմեռային վրաններ մատակարարել։
Ինչպես գրում է RTVI-ը, Ռեզնիկովի կոչից հետո դաշինքի գործընկերները սկսել են փնտրել իրենց պահեստներում մատչելի տեխնիկա, որը կօգնի ուկրաինացիներին ռազմական գործողություններ իրականացնել դաժան ձմռանը: ՆԱՏՕ-ն Der Spiegel-ին հաստատել է, որ դաշինքը կապի մեջ է իր անդամների հետ՝ Ուկրաինային ձմեռային ռազմական օգնության փաթեթի պատրաստման հարցում։ Խոսքը, մասնավորապես, Կիևին տաք համազգեստի և ձմեռային կոշիկների մատակարարման մասին է։
Ռեզնիկովի՝ ՆԱՏՕ-ին հարցում ուղարկելուց մի քանի շաբաթ անց ԱՄՆ-ը, Կանադան, Շվեդիան և Ֆինլանդիան խոստացան, որ Կիևին կմատակարարեն անհրաժեշտ սպառազինությունը։ Սակայն, ինչպես գրում է Der Spiegel-ը, Ուկրաինայի համար ձմեռային համազգեստի որոնումը բարդ է ստացվել։
ՆԱՏՕ-ի մի քանի երկրների ռազմական պաշտոնյաները հրապարակմանը հայտնել են, որ անհրաժեշտ տեխնիկան արդեն վերապահված է ազգային բանակների կարիքների համար։ Պաշտոնյաները նաև նշել են, որ ձմեռային հագուստը սակավ ապրանք է համաշխարհային շուկայում: Բացի այդ, ըստ Der Spiegel-ի, Բունդեսվերը (գերմանական զինված ուժերը) բազմիցս խնդիրներ է ունեցել իր զինվորներին տաք ներքնազգեստով և ձմեռային համազգեստով ապահովելու համար, ուստի գերմանացի զինվորականները քննադատաբար են վերաբերվում իրենց մատակարարումները ուկրաինացիներին փոխանցելու հարցում: Չնայած դրան, նշվում է, որ Բեռլինը ցանկանում է առաջիկա ձմռանը աջակցել Կիևին։