
Ուկրաինական զորքերը հարձակման փորձ են արել 3 ուղղությամբ. ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել

Ուկրաինական զորքերը հարձակման փորձ են ձեռնարկել Նիկոլաևի և Խերսոնի մարզերում, ՌԴ ԶՈւ ակտիվ պաշտպանության արդյունքում Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրել։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Նշվում է, որ օրվա ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անմիջական հրահանգով ուկրաինական զորքերը երեք ուղղությամբ հարձակման փորձ են կատարել Նիկոլաևի և Խերսոնի մարզերում։
«Ռուսական զորքերի խմբավորման ակտիվ պաշտպանության արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրել»,- նշել են ռազմական գերատեսչությունից։
«Հակառակորդի կենդանի ուժի կորուստը կազմել է ավելի քան 560 զինծառայող: Հակառակորդի կողմից հարձակողական գործողությունների հերթական փորձը ձախողվել է», - հավելել են ՌԴ ՊՆ-ում:
Ավելի վաղ AuroraNews.am-ը գրել էր, որ Ուկրաինան մարտեր է սկսել Խերսոնը հետ վերցնելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: