
«Մինչ այս պահը գտնվում եմ օդանավակայանում». Մասիս Աբրահամյանը` իրեն ՀՀ չթողնելու մասին

Դաշնակցականներն օրինապաշտ մարդիկ են, և եթե օրենքը պարտադրում է՝ թողնել երկիրն ու հեռանալ, ապա այդպես են անելու, բայց դա չի նշանակում, թե այս գործողություններն անպատասխան են մնալու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանը։ Հիշեցնենք՝ առավոտյան հայտնի դարձավ, որ նրա մուտքը Հայաստան ևս արգելված է։
«Ես հատկապես ասելիք ունեմ ոչ անձամբ Նիկոլ Փաշինյանին, այլ նրան սատարող և նրա համար աշխատող մատնիչներին, որոնք ցանկ են կազմում և ուղարկում են, և այդ գործողություններն անպայման կստանան իրենց արժանի պատասխանը»,- շեշտեց Մասիս Աբրահամյանը։
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայան է հասել այսօր առավոտյան ժամը 5-ի մոտակայքում։ Մինչ այս պահը գտնվում է օդանավակայանի տրանզիտային գոտում։ Ասում է՝ այս իրավիճակում միակ մխիթարությունն այն է, որ օդանավակայանի պատուհանից թեկուզ աղոտ, բայց Մասիս սարն է տեսնում։ Նրա խոսքով՝ իր հետ հանդիպել են աշխատակցիներ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ծանոթացել իրավիճակին և խոստացել, որ կապահովեն հանդիպում փաստաբանի հետ։ Աբրահամյանն ընդգծեց՝ պատրաստվում է փաստաբանի օգնությամբ բողոք ներկայացնել կատարվածի վերաբերյալ։
Նշենք, որ ժամեր առաջ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ առաջարկ է ստացել ստանձնելու Մասիս Աբրահամյանի իրավունքների պաշտպանությունը և համաձայնել է։
Աբրահամյանը հավելեց՝ մինչ այս պահն օդանավակայանում որևէ աշխատակից իրեն պատշաճ բացատրություն չի ներկայացրել, թե ինչու թույլ չեն տալիս մուտք գործել հայրենիք։