Հայաստանը մինչև 2030-ը հույս ունի բացել սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Կոստանյան
Հայաստանը ակնկալում է մինչև 2030 թվականը ունենալ բաց սահմաններ և գործող տրանսպորտային կապեր Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, որը գտնվում է Բրյուսելում՝ մասնակցելու Եվրամիության նոր նախաձեռնությանը՝ «Տրանսպորտային կապերի օրակարգի հարթակին»։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական «Report» գործակալությանը։
«Մեր տեսլականն այն է, որ մինչև 2030 թվականը մենք կունենանք բաց հաղորդակցություններ և բաց սահմաններ մեր երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ սահմանները, ցավոք, դեռևս փակ են», - ասաց Կոստանյանը։
Նրա խոսքով՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը Հարավային Կովկասը կդարձնի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կարևոր կապող օղակ։
Կոստանյանը նշեց, որ ավանդական առևտրային ուղիների անկայունությունը և համաշխարհային լոգիստիկ շղթաների խափանումները մեծացնում են Միջին միջանցքի կարևորությունը և ստեղծում նոր հնարավորություններ տարածաշրջանային պետությունների համար։ Նա ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է ապահովել բեռների անխափան անցումը այս երթուղու իր հատվածով։
Այս համատեքստում փոխարտգործնախարարը հիշատակեց TRIPP նախագիծը, որը նախատեսվում է իրականացնել Հայաստանի հարավային հատվածով Միացյալ Նահանգների հետ համատեղ, ինչպես նաև հույս հայտնեց սահմանային ենթակառուցվածքների արդիականացման գործում Եվրամիության աջակցության վերաբերյալ։
Կոստանյանի խոսքով՝ տրանսպորտային կապերը կարող են բացվել մինչև 2030 թվականը, քանի որ Երևանը շարունակում է աշխատել տարածաշրջանային նախագծերի վրա և տեսնում է հարևան երկրների միջև համագործակցության աճող պատրաստակամություն։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը նախկինում արտահայտել էր իր պատրաստակամությունը հայկական բեռների համար երկաթուղային ծառայությունը բացելու հարցում, մինչդեռ Թուրքիան առաջարկել էր իր երկաթուղիները հասանելի դարձնել հայկական ապրանքների տարանցման համար։
Տրանսպորտային կապերը ստեղծում են տնտեսական փոխկախվածություն տարածաշրջանի երկրների միջև, ինչը նպաստում է Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը, հավելեց Կոստանյանը։
Եվրոպական Միության կողմից կազմակերպված հարթակի միջոցառումների շրջանակներում Բրյուսելում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։