«Ձեր պարտականությունները չեք կատարում, պետությանը պահանջներ եք ներկայացնում». Քերոբյանի կոշտ պատասխանը` քաղաքացուն

 Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը մոտեցավ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ ներկայացնելով իր բողոքը հիփոթեքային պայմաններով  բնակարաններ ձեռք բերելու դժվարություններին առնչվող և խնդրեց իր պահանջները փոխանցել կառավարությանը։ 

«Կարող եք Կադաստրի կոմիտեին և համապատասխան մարմիններին փոխանցել իմ պահանջները, որ ես կարողանամ 3000 դոլարով բնակարան ձեռք բերել։ Ես ոչ ոքից ողորմություն չեմ խնդրում և չեմ էլ ցանկանում վիզ ծռելով պարտքով փող խնդրեմ»,- ասաց քաղաքացին։ 

Ի պատասխան Վահան Քերոբյանը հարց ուղղեց՝ արդյո՞ք քաղաքացին աշխատում է և հարկեր է վճարում պետությանը։ 

«Այո, աշխատում եմ արհեստանոցում, հարկեր չեմ վճարում»,- պատասխանեց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին։ 

Արձագանքելով՝ Վահան Քերոբյանը ասաց․«Փաստորեն Ձեր պարտավորությունները չեք կատարում պետության նկատմամբ, բայց գալիս,  Ձեր կողմից պահանջներ եք ներկայացնում։ Գնացեք, գրանցեք ընկերությունը, հարկերը վճարեք, հետո կգաք»։ 

Նախարարի հեռանալուց հետո քաղաքացին ասաց․ «Հարկ վճարեմ, որ պարգևավճար ստանա՞ն։ Հիմա ի՞նչ, ես էլ պատասխանեմ՝ երբ դու պատերազմին կմասնակցես, ես էլ այդ ժամանակ կգամ, կմասնակցեմ»։

Քաղաքականություն