
ԱԻՆ-ը առաջիկա օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով. նախարարը պարզաբանում է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ բարձր ջերմաստիճանի պատճառով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջիկա օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով
«Հրդեհաշիջման ուղղաթիռների հետ կապված վերջին վարժանքը տեղի է ունեցել մայիսի 26-ին, այսինքն` ամբողջությամբ կատարված է այդ վարժանքը։ Ճգնաժամային ազգային կենտրոնում քարտեզագրված են մեր բոլոր ջրային ռեսուրսները, որ հարկ եղած դեպքում մենք ուղղաթիռին տանք հստակ կոորդինատներ, թե որտեղից կարող է ջուր վերցնել»,- ընգծեց Փամբուխչյանը։
Նախարարը հավելեց, որ հրդեհների մեծ մասի պատճառը մարդկային գործոնն է, ուստի մարզային վարչությունների ղեկավարներն արդեն 2 օր այցելում են հանգստի գոտիներ, զրուցում քաղաքացիների հետ` հորդորելով պահպանել հակահրդեհային կանոնները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց լինել շատ ուշադիր։ Վերջինիս խոսքով` նախորդ տարի ՀՀ կառավարությունը ինքնուրույն ավտոմատ ջրհավաքման մեխանիզմով 2 հրշեջ ուղղաթիռ էր ձեռք բերել։