Կերկարաձգվի՞ արդյոք գազաբալոնների լիցենզավորման ժամկետը. փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները չեն հասցնում

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարբերաբար նախազգուշացնում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից: Հայաստանում կա շուրջ 450 հազար գազով աշխատող տրանսպորտային միջոց, և ընդամենը երկու տասնյակ փորձաքննություն իրականացնող ընկերություն, որոնք այս օրերին գերծանրաբեռնված են աշխատում, մեքենաների ահռելի հերթեր են, և ֆիզիկապես ուղղակի չեն հասցնում բոլոր մեքենաները փորձաքննության ենթարկել։ Այս մասին գրում է Հրապարակը:

 

Լրատվականը գրում է, որ ոչ բոլոր մարզերում կան համապատասխան կայաններ։ Եթե այսօր փորձեն հերթագրվել, հերթը կհասնի աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբերին։ Քիչ առաջ մեզ փորձաքննություն իրականացնող կազմակերպություններից մեկը ասաց, որ եթե այսօր հերթագրենք, մեզ կկարողանան սպասարկել նոյեմբերի 20-ից հետո։ Նախարարությունը այս ամենը հաշվի չի առել, չի ապահովել պատշաճ պայմաններ փորձաքննության համար, բայց ասում է՝ թող վարորդները ժամանակին հերթագրվեին, որ նման խնդրի առջև չկանգնեին։ Հետո էլ կոչ են անում առաջնորդվել առողջ բանականությամբ։

 

Լրատվականը խոսել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանի հետ.

 

 ««Ուղղակի Դուք պետք է հենց նոր չզանգեիք, Դուք պետք է փետրվարին զանգեիք, մարտին զանգեիք, ապրիլին զանգեիք։ Բոլորը թողել են վերջին օրով, հիմա բոլորը ուզում են գնալ, դրա համար հերթ է առաջացել»։ Հետո հիշեցրեց, որ ժամկետն արդեն մեկ անգամ երկարացվել է, դրանից առաջ մինչև փետրվարի 1-ն էր։   

Խոսնակին բացատրեցինք, որ կա 450 հազար մեքենա, և կա ընդամենը 15-20 լիցենզավորված կազմակերպություն, որոնցից, ի դեպ, ոչ բոլորն են բալոնների փորձաքննություն իրականացնում, որոշները միայն տեղադրում են ու վերջ, բացի այդ, բոլոր մարզերում չէ, որ կան այդպիսի կազմակերպություններ։

 

«Միայն երկու մարզում չկա՝  Արմավիրում և Սյունիքում, Սյունիքի հայտը արդեն քննարկվում է, առաջիկա օրերին կստանա լիցենզիա, այս պահի դրությամբ միայն Արմավիրի մարզում չկա»,-ասաց խոսնակը։

-Հիմա, որ Սյունիքի մարզինն առաջիկա օրերին է ստանալու լիցենզիան, իսկ օգոստոսի 1-ին էլ ընդամենը երկու շաբաթ է մնացել, Սյունիքի մարզի բնակիչների՞ն էլ պետք է ասեք՝ գնայիք փետրվարին, մարտին հերթագրվեիք։ Այդ երկու շաբաթում կարողանալո՞ւ են Սյունիքի մարզի բոլոր վարորդները գնալ և փորձարկում անցնել իրենց մարզի միակ կայանում։ 

-Խնդիր կա, ու, այո, էս պահի դրությամբ մենք ընդունում ենք, որ մարզային ծածկույթ կամ համապատասխան թվով ընկերություններ չկան, բայց ամեն օր ավելանում է, այս պահի դրությամբ երեք հայտ էլ արդեն սպասվում է, և մի քանի օրից կլինի նախարարի հրամանը, այսինքն՝ ամեն օր երկու-երեքով ավելանում են այդ ընկերությունները, և եթե վարորդները մի քիչ ժամանակին պրոցեսը սկսեին, հաստատ խնդիր չէր առաջանա։

-Բայց դուք պահանջ չեք դրել, որ փետրվար-մարտին պետք է պարտադիր հերթագրվեն, որ հասցնեն, եթե ժամկետը սահմանած է մինչև օգոստոսի 1-ը, ես իրավունք ունեմ հուլիսի 29-ին կամ 31-ին էլ գնալ փորձաքննության։

-Հա, բայց պետք է նաև հաշվի առնեք, որ հուլիսի 29-ին պիկ է լինելու, և հնարավոր է՝ չհասցնեք։

-Իսկ ես որտեղի՞ց իմանամ, որ պիկ է լինելու։

-Առողջ բանականությամբ։

-Ես եմ՝ չունեմ առողջ բանականություն, դուք ապավինում եք մարդկանց բանականությա՞նը։ 

-Բա ի՞նչ ես առաջարկում։

-Առաջարկում եմ դուք առողջ բանականությամբ առաջնորդվեք և ողջամիտ ժամկետ սահմանեք։

-Մենք առողջ բանականությամբ առաջնորդվում ենք, ժամկետը վաղուց է սահմանված, պատշաճ իրազեկում իրականացվել է և իրականացվում է։

-Ուղիղ պատասխանեք ինձ՝ օրենքը թո՞ւյլ է տալիս հուլիսի 28-ին կամ 29-ին գնալ և փորձաքննություն անցնել, թե՞ թույլ չի տալիս։ 

-Թույլ է տալիս։

-Իսկ եթե ես գնում եմ հուլիսի 29-ին, բայց ինձ ասում են՝ չենք կարող սպասարկել, պետք է նոյեմբերին գաս, իսկ ժամկետն էլ օգոստոսի 1-ին լրանում է, կարո՞ղ եք ասել՝ սրա պատասխանն ո՞վ է տալու։

-Ավելի վաղ պետք էր սկսել, որ նման խնդիր չառաջանար։ Ընկերությունները շատանում են, հենց այսօր նախարարի մասնակցությամբ Շիրակի 11 հասցեում բացվել է նոր ընկերություն, որտեղ ես անձամբ հետաքրքրվել եմ՝ որևէ հերթ չկար, կարող եք դիմել։

 

 Առողջ բանականությամբ առաջնորդվելու կոչ անող խոսնակից հետաքրքրվեցինք նաև, թե այս պահի դրությամբ քանի՞ մեքենա է փորձաքննություն անցել, որպեսզի նաև հասկանանք ինչպես իրենց, այնպես էլ վարորդների առողջ բանականության չափը՝ իրենց սահմանած ժամկետների շրջանակում։ Խոսնակը խոստացավ ճշտել և ասել»։

Քաղաքականություն

Պատահարներ