Ձերբակալվել են 4 իրանցիներ, որոնք կասկածվում են Երևանում զինված ավազակային հարձակման մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ապա  ստացված օպերատիվ տվյաները համադրելով ու վստահ լինելով, որ ստացված տեղեկությունները հավաստի են, իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրում է «Վնասազերծել մինչև սահման» անվանումը:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, այնուհետև համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես  Արիստակեսյանի հետ, սկսում են այդ օպերացիայի կատարումը:

Արդեն Սյունիքի մարզում Արաբկիրի ոստիկաններն ու Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի օպերլիազորները, համագործակցում են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի ծառայողների՝ վարչության պետ Ալիկ Մամիկոնյանի և ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախուզության բաժնի օերլիազորների հետ, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին  դարանակալում են, ապա ավազակային հարձակում կատարելու կասկածանքով  կանգնեցնում են որպես տաքսի շահագործվող Opel մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանները հենց  Opel-ի մեջ հայտնաբերում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 24-ամյա Մահդի Ճ.-ին, 31-ամյա Ռեզա Ա.-ին, 24-ամյա  Հուսեին Դ.-ին և  32-ամյա Ալի Ա.-ին:

Վերջիններս ավազակային  հարձակում կատարելու կասկածանքով  բերման են  ենթարկվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր-ի  252 հոդվածի  2-րդ մասի  3-րդ, 5-րդ, և 7-րդ կետերի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է տուժածից հափշտակած ոսկյա շղթան:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 11-ին բժշկական դիմակներով դիմակավորված, ատրճանակով զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վ.Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող օֆիսներից մեկում ավազակային  հարձակում է տեղի ունեցել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  4 հոգի բժշկական դիմակներով, դեմքները փակած, ատրճանակի նմանվող առարկայով մտել էին նշված հասցեում օտարերկրացիների կողմից գործող ինտերնետային դիզայնով զբաղվող օֆիս և զենքի սպառնալիքի տակ պահանջել գումար, այնուհետև այնտեղից հափշտակել մի քանի 100  դոլար, բջջային հեռախոսներ, ապա դիմել փախուստի: Օֆիսի կողքից՝ մի քանի մետր հեռավորության վրա, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ատրճանակի նմանվող առարկա, որը քննիչը առգրավեց: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: