8 վիրավոր կա․ խոշոր վթար է տեղի ունեցել
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանպարհի՝ Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Սպիտակի հիվանդանոցի բժիշկները։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու վիրավորներից մի քանիսին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։