«Լրի՞վ եք ուղեղն անջատել, պարոնա՛յք». գործարարն ահազանգում է

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«ՊԵԿ-ն այն կառույցն է, ով տնտեսվարողների ներկրումների, ձեռքբերումների և այլ ինֆորմացիան փոխանցում էր օլիգարխիային։ 


Նման գործողությունների հետևանքով շատ տնտեսվարողներ անդառնալի կորցրեցին իրենց բիզնեսը։ Ոչ ոք, ընդհանրապես դրա համար պատասխանատվություն չկրեց։ Այսինքն սա հաստատում է, որ մինչ այժմ նման պրակտիկան բացառված չէ։ 
Ու դուք ՊԵԿ-ին եք տրամադրում բանկային գաղտնիքն առանց դատարանի որոշմա՞ն։ 
Լրի՞վ եք ուղեղն անջատել, պարոնա՛յք»:

 

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ցանկանում է առանց դատարանի որոշման հասանելիություն ունենալ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին։ E-draft.am կայքում տեղադրված նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Բանկային գաղտնիքի մասին» և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներում։

 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, հարկային մարմնի կողմից իրականացվող հարկային հսկողության ընթացքում տնտեսվարող սուբյեկտները կամ ֆիզիկական անձինք հաճախ հրաժարվում են ներկայացնել բանկային հաշիվների շարժերի, վարկային և ավանդի պայմանագրերի, գրավի առարկաների, երաշխավորների վերաբերյալ տեղեկությունները, ինչը երբեմն անհնարին է դարձնում հսկողական աշխատանքների նպատակների իրագործումը։

ՊԵԿ-ում կարծում են, որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները հարկային մարմնին կարող են տրամադրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկային մարմինը նույնպես հանդիսանում է գաղտնիք տնօրինող պետական մարմին։ «Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդպիսի տեղեկությունները հարկային մարմինը օգտագործում է հարկային հսկողության սահմաններում և շրջանակներում, ինչպես նաև իր առջեւ դրված խնդիրներին ու նպատակներին համապատասխան»,- նշված է հիմնավորման մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ