Անդրանիկ Քոչարյանը` Ներքին գործերի նախարարության ստեղծման կարևորության մասին

 Հայաստանում պետությունը, Ներքին գործերի նախարարություն ստեղծելով և բազմաթիվ այլ փոփոխություններով, նպատակ ունի համակարգում ծառայության անցնելը դարձնել ավելի գրավիչ, բացի այդ՝ պետության ներքին անվտանգային միջավայրն ավելի կառավարելի կդառնա, «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: 

«ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի անվտանգության ոլորտին վերաբերող բարեփոխումների հատվածում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ոստիկանության ռեֆորմները՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման առաջնահերթությամբ: Նշված բարեփոխումների շրջանակներում մենք կարողացանք  մայրաքաղաքում և արդեն որոշ մարզերում ստեղծել ծառայություն իրականացնող պարեկային ծառայությունը, որի գործունեության շրջանակն աստիճանաբար ընդլայնվում է հանրապետության տարբեր բնակավայրերով: Այն իր բարձր պրոֆեսիոնալիզմով կդառնա մրցունակ և շարունակաբար կընդլայնի մասնագիտական կարողությունները», - նշեց Քոչարյանը: 

Նրա խոսքով` Ներքին գործերի նախարարությունը վերականգնելով՝ պետությունը կլուծի միանգամից մի քանի կարևոր խնդիր. կսահմանվեն ՆԳՆ-ի հստակ գործառույթները, կներդրվի կադրային պատրաստման նոր համակարգ: Ներքին գործերի նախարարությունը կդառանա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին: 

«ՆԳՆ ստեղծման ճանապարհով մենք ոչ միայն կառույցն ավելի վերահսկելի կդարձնենք, այլև կնպաստենք դրա թափանցիկ գործելաոճին և հաշվետվողականության ավելացմանը: Այս և այլ բազմաթիվ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ մի կողմից համակարգում ծառայության անցնելը կդարձնենք ավելի գրավիչ, մյուս կողմից էլ մեր պետության ներքին անվտանգային միջավայրն ավելի կառավարելի կդառնա», - ասաց Քոչարյանը:

Քաղաքականություն

Պատահարներ