Հասարակություն

«Նորերով կփոխարինվի 467 վերելակ»․ քաղաքապետարանից մանրամասնում են

«Նորերով կփոխարինվի 467 վերելակ»․ քաղաքապետարանից մանրամասնում են

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից հայնտում են, որ մայրաքաղաքում այս տարի նախատեսված վերելակների փոխարինման ծրագրի ծավալը կավելանա ևս 10%-ով: Օրերս Երևանի ավագանու որոշմամբ շուրջ 410 մլն դրամ հատկացվեց այդ նպատակին: 2022-ին ընդհանուր առմամբ համայնքի միջոցներով նորերով կփոխարինվի 467 վերելակ: 

 

«Այս պահի դրությամբ փոխարինվում է 23 վերելակ, մոտ ժամանակներում եռակի քանակ ենք ունենալու: Օր օրի ավելանալու է աշխատանքների ծավալը, որպեսզի մինչև աշուն աշխատանքներն ավարտին հասցնենք»,- հայտնում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

 

Ըստ աղբյուրի՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին, այսինքն՝ բնակիչներին: Հաշվի առնելով խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգությունը՝ քաղաքային իշխանությունը նախաձեռնեց ծրագրի իրագործումը:

 

«Այս ծրագրով քաղաքապետարանը փորձում է աջակցել բնակիչներին: Յուրաքանչյուր վերելակի փոխարինման համար նախատեսված է ժամկետ՝ 40 աշխատանքային օր: Այդ ընթացքում հին վերելակը պետք է ապամոնտաժվի և նորը տեղադրվի, ինչպես նաև փորձաքննություն անցնի և բնակիչների սպասարկմանը հանձնվի»,- հավելեց վերջինս:

 

Նշվում է, որ Երևանյան շենքերում գործընթացն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «ՌաֆէլԳրիգ» ընկերությունը: Երևան տեղափոխված վերելակները նախ պահեստավորվում են, հետո՝ հասցե առ հասցե ուղարկվում տեղադրման:

 

Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Հաշվի առնելով ծրագրի ծավալները՝ նախ ընտրվում են ամենամաշվածները:

 

Քաղաքապետարանի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, ի դեպ, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանված: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250